Loading...
Ի՞նչ ակնկալիքներ ունի պացիենտը, երբ որոշում է դիմել բժիշկ-ստոմատոլոգի խորհրդատվության: Թվում է, թե կարելի է մի քանի րոպեների ընթացքում ներկայացնել խնդիրը, իմանալ բժիշկի կարծիքը և հեռանալ բավարարված կամ ոչ այնքան, իսկ իրականում որքան ինֆորմացիա է ստանում պացիենտը` այցելելով ստոմատոլոգիական կլինիկա:
Բժշկական խորհրդատվության ամբողջական լինելը հիմք է հանդիսանում ճշգրիտ ախտորոշման և հետևաբար գրագետ բուժման պլան առաջարկելու համար: Խորհրդատվությունից հետո կազմակերպվում է ներկլինիկական բժշկական կոնսիլիում, երբ տվյալ իրավիճակը մանրամասնորեն և բազմակողմանի հետազոտված և քննարկված է, պացիենտին առաջարկվում է բուժման պլան, որում հաշվի են առնված կատարվելիք աշխատանքի ծավալը, հերթականությունը ըստ կարևորության և անհրաժեշտության:
Անհրաժեշտ է նշել, որ պացիենտին բացի հիմնական բուժման պլանից առաջարկվում է ալտերնատիվ տարբերակ (էկոնոմ): Առաջին տարբերակը ենթադրում է նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, հաճախ այն լինում է ավելի ծախսատար: Երկու տարբերակում էլ ներկայացվում է բուժման արժեքը, նաև փուլերի բաժանված վճարման պլան:
Շատ հաճախ պացիենտը տեղյակ է լինում իր ունեցած խնդիրների փոքր մասից, բժիշկի խնդիրն է բացահայտել բոլոր թվացյալ փոքր, սակայն հաճախ լուրջ հետևանքների դրդապատճառ հանդիսացող խնդիրները, այսպես կոչված ջրի երես բերել բոլոր ստորջրյա քարերը:
Պետք է առանձնացնել մարդկային գործոնը, որպես կարևորագույն և անփոխարինելի բժշկական խորհրդատվության և առհասարակ գրագետ բուժում իրականացման գործընթացում: Այո, շատ կարևոր է կլինիկայի հագեցվածությունը գերժամանակակից սարքավորումներով, կարևոր է նաև նորարական նյութերի և տեխնոլոգիաների կիրառումը, քանի որ ստոմատոլոգիական ոլորտում զարգացման արագությունը չափազանց բարձր է և ժամանակակից բարձր պրոֆեսիոնալիզմը անդադար կրթություն և վերապատրաստում է ենթադրում: Եվ միայն բժիշկն է հանդիսանում այն միջնորդը, որը այդ նորարարությունը կարող է կիրառելի դարձնել պացիենտի համար: Բժիշկն է, որ օգտագործելով իր տարիների փորձը, գիտելիքները, բժշկական ինտուիցիան կարող է առաջարկել համապատասխան բուժման պլան և իրագործել այն: Առանձնահատուկ նշանակություն ունի բժիշկի կարողությունը տվյալ իրավիճակը մանրամասնորեն ներկայացնելը պացիենտի համար հասկանալի լեզվով, հնարավորինս շրջանցելով մասնագիտական տերմինալոգիան: Ոչ պակաս կարևոր է անձնական հատկանիշները, դիմացինին լսելու և խորապես հասկանալու ունակությունը, պացիենտի հոգեբանական և այլ առանձնահատկությունները բացահայտելու կարողությունը:
Պատահաբար չէ, որ փիլիսոփաներից մեկն ասել է. "Եթե բժիշկի հետ զրույցից հետո պացիենտի վիճակը չի թեթևանում, ապա նա բժիշկ չէ"